Քննարկելով տարածաշրջանային աշխարհաքաղաքական հարցեր՝ առաջին տեղում պետք է դնել Սիրիան, քանի որ այսօր տարածաշրջանում բոլոր հարցերը կապված են սիրիական խնդրի լուծման հետ: Այս մասին այսօ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արտակարգ եւ լիազոր դեսպան, «Diplomat.am» կայքի ղեկավար Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ էական փոփոխություններ են սպասվում նաեւ Իրանի հարցում: Շատ բաներ, ինչպես Նավասարդյանն է նշել, կախված են Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների հետագա զարգացումներից: «Հարկ է նշել, որ Թուրքիան վարում է շատ վտանգավոր քաղաքականություն՝ ցանկանալով ամբողջ տարածաշրջանում ահաբեկչական գործունեության համար պատասխանատվությունը ստանձնել: Երբեմն ինձ թվում է, որ այդ եսակետից թուրքական պետությունը գերազանցում է անգամ Սաուդյան Արաբիային»,-ընդգծել է դեսպանը, հավելելով, որ այժմ Սիրիայի հետ կապված իրավիճակի պատճառով Թուրքիան մեկուսացված է:
Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, համաձայնել է Արման Նավասարդյանի հետ, որ տարածաշրջանն իրականում շատ լուրջ փոփոխությունների ենթարկվելու հավանականության առաջ է կանգնած: «Շատ հարցերի լուծման բանալին Սիրիան է: Հենց վերջինս է պայմանավորում Թուրքիայում եւ Իրանում մի շարք գործընթացներ, ինչպես նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի դիրքերը»,-ընդգծել է Պապյանը:





























