Մոսկվայի Արեւմտյան Բիրյուլեւո շրջանում սպանության կասկածյալ Օրհան Զեյնալովը Մոսկվայում  մշտական աշխատանք չուներ եւ վաստակում էր մասնավոր ուղեւորափոխադրումներ կատարելով, ասված է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության՝ Զեյնալովը ոգելից խմիչքներ է չարաշահում, ագրեսիվ է եւ պոռթկուն:

Ըստ ՔԿ-ի՝ Ադրբեջանի բնակիչը Ռուսաստանում է արդեն 10 տարուց ավելի եւ չունի բնակության մշտական վայր: Քննիչները ճշտում են երկրում նրա գտնվելու օրինականության հարցը:

ՔԿ-ի հաղորդագրությունում նշվում է, որ կասկածյալին ձերբակալելը ժամերի հարց է: «Եվ քանի դեռ մենք դա չենք արել, նրան հնարավորություն է ընձեռվում կամավոր ներկայանալ», - հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Հիշեցնենք, Օրհան Զեյնալովը կասկածվում է Եգոր Շչերբակովի սպանության մեջ, որը կատարվել էր հոկտեմբերի 10-ին Բիրյուլեւոյում: Սպանությունը զանգվածային անկարգություններ էր հրահրել եւ հանգեցրել «Պոկրովսկայա» բանջարեղենի վաճառակայանի փակմանը, որտեղ բազմաթիվ ապօրինի միգրանտներ էին աշխատում: