Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհրդի  հերթական հանրահավաքը նախատեսված է հոկտեմբերի 20-ին: «Մուսավաթ» թերթը հաղորդում է, որ որոշումն ընդունվել է այդ կառույցի հոկտեմբերի 14-ին կայացած նիստում:

Ընդդիմադիր Ազգային խորհրդի ղեկավարությունն արդեն դիմել է Բաքվի գործադիր իշխանությանը՝  Յասամալի թաղամասի  «Մեհսուլ» մարզադաշտում ցույց անցկացնելու թույլտվության խնդրանքով:

Իր հերթին Ադրբեջանի ՆԳՆ-ն դեմ է դրան: ՆԳՆ-ն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ նախորդ ցույցի ավարտից հետո մասնակիցները խախտել էին հասարակական կարգը: Տեղի էր ունեցել բախում ոստիկանության հետ: «Հավանաբար, ընդդիմությունը չի ցանկանում արտոնված հանրահավաքներ անցկացնել: Եթե այդպես շարունակվի, ապա մենք ստիպված կլինենք Բաքվի գործադիր իշխանության առաջ բարձրացնել այն հարցը, որպեսզի ընդդիմությանն այլեւս թույլ չտան հանրահավաքներ անցկացնել Բաքվի կենտրոնում», - ասել է ՆԳՆ-ի մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովը:

Հիշեցնենք, որ ըստ անկախ փորձագետների, ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի վերջին հանրահավաքին մասնակցել էր 2 հազար ընդդիմադիր: Ըստ ՆԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության՝ հանրահավաքն ավարտվելուց հետո մասնակիցների մի մասը մարզադաշտից դուրս գալիս փորձել էր կռիվ կազմակերպել: