Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիյային եւ ներկայացրել մեր երկրում իրականացվող գյուղատնտեսական նոր քաղաքականությունը, գյուղոլորտի այս տարվա ցուցանիշները, համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ պետական աջակցության ծրագրերի ու բարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում, գյուղատնտեսական տարին բարեհաջող էր եւ ներկայացրել գյուղոլորտի բավականին տպավորիչ արդյունքները:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարը մասնավորապես նշել է . «Կարծում եմ՝ երկուստեք ներդրված ջանքերը պետք է նպատակաուղղվեն համագործակցության հետագա ամրապնդմանը: Ավանդաբար Հայաստանից Վրաստան են արտահանվել կարտոֆիլ, միրգ, բանջարեղեն եւ խաղող, իսկ Վրաստանից Հայաստան՝ ցիտրուսային մրգեր: Մեր երկրները ստորագրել են ազատ առեւտրի համաձայնագիրը, ինչը կոչված է օժանդակել դինամիկ առեւտրային հարաբերությանը եւ խոչընդոտներ չհարուցել մաքսային ճանապարհներին ապրանքների արտահանման եւ ներմուծման համար»:
Իր հերթին Վրաստանի գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է իր երկրի գյուղատնտեսական առաջանցիկ ծրագրերը՝ անդրադառնալով գյուղատնտեսական ռեսուրսների համատարած հաշվառմանը, ապահովագրական ծրագրերին, կոոպերացիային. «Վերջին ամիսներին առեւտրային բանկերը երկարաժամկետ վարկային ռեսուրսներ են տրամադրել նոր կազմավորվող գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցելու նպատակով, եւ մենք արդեն ընդունել ենք գյուղատնտեսական կոոպերացիայի մասին օրենքը», - տեղեկացրել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը: Հանդիպման վերջում կողմերը եւս մի անգամ շեշտել են հայ-վրացական տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունը,իսկ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիյան Հայաստանի գյուղատնտեսության նախարարին աշխատանքային այցով հրավիրել է Վրաստան:





























