Վերջին իրադարձությունների հետ կապված, անհանգստացած լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությամբ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նամակ-դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
Նամակում մեջբերված են, մասնավորապես, Խաչիկ Ասրյանի կողմից հնչեցված սպառնալիքները Զ. Փոստանջյանի հասցեին: Որպես ապացույց ներկայացվել են մի շարք լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերը, որոնք մեջբերում են Ասրյանի հետեւյալ արտահայտությունը.
«Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ’ Արկի, այլ՝ որպես Ռամիլ Սաֆարովի»:
«Նշված հայտարարությունը հիմք է տալիս մտավախություն ունենալ, որ Խ. Ասրյանը կամ նրա համախոհներն, ատելությամբ լցված լինելով Զարուհի Փոստանջյանի հանդեպ, կարող են փորձ կատարել այս կամ այն եղանակով իրականացնելու Զ. Փոստանջյանի նկատմամբ հաշվեհարդարի վերաբերյալ իրենց սպառնալիքները:
Խաչիկ Ասրյանը, իր վերը նշված հայտարարությամբ, հայտնել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ ֆիզիկական, սադիստական հաշվեհարդար տեսնելու իր պատրաստակամությունը եւ մտադրությունը:
Չի բացառվում, որ այս սպառնալիքը կարող է երրորդ անձանց կողմից իրագործվել Զ. Փոստանջյանի նկատմամբ:
Հայաստանում վերջին շրջանում խարույկի վրա այրելուց բացի իրականացվել են այլ հաշվեհարդարներ այն անձանց նկատմամբ, որոնց վարքագիծը այս կամ այն պատճռով դուր չի եկել բարձրաստիճան հանրապետականներին եւ նրանց թիկնազորերին՝ օրինակ Վահե Ավետյանը, Ավետիք Բուդաղյանը, DIY ակումբի հրկզիման դեպքը կամ մի շարք այլ դեպքեր»,-ասված է նամակում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմում է Գ. Կոստանյանին՝ հարուցել քրեական գործ Խ. Ասրյանի նկատմամբ եւ նրան ենթարկել համապատասխան պատասխանատվության՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի, այն է՝ «սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը,…» համարվում է հանցագործություն եւ նախատեսվում է քրեական պատասխանատվություն:




























