Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պարզաբանում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ:
Նրա պարզաբանման մեջ ասվում է.
«ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի գրասենյակը տարածել է հաղորդագրություն` «Ի պատասխան ՀՀ դատախազության» վերտառությամբ, որտեղ կրկին պնդելով, որ հրապարակային քննարկումն իրենք ընդունում են որպես միայն ուղիղ եթերով բանավեճի հրավեր, այն հիմնավորում են` հղում կատարելով ականավոր լեզվաբան Է.Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան» աշխատությանը, ըստ որի` «Հրապարակային նշանակում է հասարակության ներկայությամբ կատարվող` տեղի ունեցող, բոլոր ցանկացողների համար նախատեսված, բաց»:
Հարգելով պարոն Փաշինյանի` իր կարծիքի ազատ արտահայտման իրավունքը, ցանկանում ենք նշել, որ, այնուամենայնիվ, հրապարակային քննարկում չի նշանակում միայն ուղիղ եթերում բանավիճել:
Հրապարակայնությունը, պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում, առավել եւս կոնկրետ դեպքում, երբ խոսքը վերաբերում է քրեական գործի հանգամանքների քննարկմանը, կարգավորվում է օրենքով, նորմատիվ ակտերով, նախադեպային իրավունքով եւ միջազգային կոնվենցիաներով: Պարոն Կոստանյանը ԱԺ-ի` իր ելույթում ուղղակիորեն հայտարարեց. «Պատրաստ եմ մասնագիտական դաշտում հրապարակային քննարկման ցանկացած անձի հետ»:
Այսինքն` խոսքը բանասիրական, քաղաքական, գիտական խնդիրներին չի վերաբերում, այլ մասնագիտական դաշտում քրեական գործի հանգամանքների հրապարակային քննարկման մասին է: Տվյալ պարագայում հրապարակային քննարկումը կարող է դրսեւորվել` համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման` ինչպես տպագրության միջոցով, զանգվածային լրատվամիջոցների տարածմամբ, ռադիոյի կամ հեռուստատեսությամբ հեռարձակմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, այնպես էլ. «...որեւէ այլ կերպ` թեկուզ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով» /Թաթուլ Մանասերյանն ընդդեմ Սկիզբ «Մեդիա Կենտրոն»ՍՊԸ-ի/:
Հարկ ենք համարում նաեւ նշել, որ Է.Աղայանի «Արդի Հայերենի Բացատրական Բառարանում» «Հրապարակ-այնություն, Հրապարակ-ային, Հրապարակ-ապես, Հրապարակ-ել» բառերի մեկնաբանություններում, որոնց հիմքը, արմատը ՀՐԱՊԱՐԱԿ բառն է, նաեւ նշված է «Հրապարակ հանել, լուր տարածել, հռչակել, պաշտոնեապես տարածել հրատարակության միջոցով, տպագրվածը տարածել հասարակության մեջ, տպագրությամբ բոլորին տեղյակ պահել...» եւ այլն:
ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանն արդեն իսկ հայտարարել է իր դիրքորոշումը, ինչը մանրամասն ներկայացված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ եւ տվյալ թեման այսքանով համարում է սպառված»:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով բանավեճի էր հրավիրել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ արձագանքելով վերջինիս հայտարարությանը, թե պատրաստ է ընդունել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին եւ վերջինիս հետաքրքրող հարցերի շուրջ քննարկում ունենալ նրա հետ: Ընդ որում, Կոստանյանը խուսափել էր ուղիղ եթերի հրավերից:




























