Ռուսաստանը հաջորդ տարվանից կսկսի Ադրբեջանին «Ուրան- Է» հարվածային հրթիռային համալիրներ մատակարարել:

Ադրբեջանական կողմը 2010-ին ռուսական «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիային 75 մլն դոլարի պատվեր է տվել եւ այս տարեվերջից կսկսվի այդ պատվերի իրականացումը: Այդ հրթիռային համալիրները կներառվեն Ադրբեջանի ռազմածովային ուժերի ծովային սպառազինությունների կազմում, հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս Կասպից ծովում այդ համալիրներով զինված են միայն ռուսական եւ թուրքմենական ռազմանավերը: 2010-ին Ադրբեջանի հետ միասին «Ուրան-Է» հրթիռային համալիրներ են պատվիրել նաեւ Թուրքմենստանը (79,8 մլն դոլար) եւ Ղազախստանը (30 մլն դոլար):
Թուրքմենական պատվերի առաջին խմբաքանակը մատակարարվել է 2011-2012 թվականներին: Աշխաբադը 2014-ին այդ սպառազինությունից լրացուցիչ պատվիրել է եւս 40 մլն դոլարի: