Երկու տարի հետո ռուս հնագետները կմիանան Կարմիր բլուրում պեղումներ իրականացնող իրենց հայ գործընկերներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Էրմիտաժի պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: «Հիմա այնտեղ արդեն նոր մեռյալ քաղաք է հայտնաբերվել, որի վրա աշխատում են մեր հայ գործընկերները»,-հավելել է գիտնականը:
Եվս մեկ համատեղ նախագիծ է ուրարատական հուշարձանների վերաբերյալ բոլոր տվյալների հրապարակումը: «Դեռեւս այդպիսին չկա, եւ մենք քննարկում ենք նոր նախագիծը Հայաստանի գիտությունների ակադեմիայի հետ: Դրա համար մենք պետք է տվյալների բազա հավաքենք եւ այն թվայնացնենք»,-ընդգծել է Պիոտրովսկին:
Բացի այդ, ռուս պատմաբանները եւ հնագետները նախատեսում են ընդլայնել համատեղ աշխատանքը հայ գիտնականների հետ՝ քրիստոնեական Արեւելքն ուսումնասիրելու հարցում: «Այստեղ մտնում են եւ Հայաստանը, եւ Բյուզանդիան, եւ Եգիպտոսը, եւ Ռուսաստանի հարավը: Այս բոլոր տարածքները մենք համարում ենք ուսումնասիրության օբյեկտ»,-հավելել է ռուս գիտնականը:
Հիշեցնենք, որ Կարմիր բլուրի պեղումներին սերտորեն կապված է Միխայիլ Պիոտրովսկիի հոր՝ հնագետ, դասական ուրարտագետ Բորիս Պիոտրովսկիի անունը:





























