Գյուղի աղջիկները մի քիչ ավելի ամոթխածություն ունեն, որը շատ հաճախ շինծու է: Այս մասին Գեղջկուհիների օրվա առթիվ, NEWS,.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Շատջրեքի գյուղապետ Զոյա Գեւորգյան, ով նաեւ արցախյան ազատամարտի մասնակից է:
«Քաղաքի աղջիկը կարող է իրեն շարժուձեւով ազատ պահի, բայց կուսությունը պահպանած լինի. այսինքն` ներկայանա այնպես, որ քեզ թվա, թե պարկեշտություն չունի: Իսկ գյուղի աղջիկը կույս չլինելով, կարող է իրեն այնպես ներկայացնել, թե ամեն ինչ հարթ է, նորմալ ու մարդիկ հավատան»,-ասաց կին գյուղապետը:
Տիկին Գեւորգյան շնորհավորում եմ ձեզ գեղջկուհու օրվա առթիվ: Դուք տեղյա՞կ էիք, որ նման տոն կա, շնորհավորանքներ ստացե՞լ եք, գեղջկուհու օրը ձեր գյուղում նշե՞լ եք, թե՝ ոչ:
Շնորհակալ եմ, բայց անկեղծ ասած մեզ մոտ սովորական օր էր: Ինձ էլ աղջիկս ասաց. «Մամ, տեղյա՞կ էս, որ այսօր գեղջկուհու օրն է»: Առաջին անգամ իրենից լսեցի: Բայց մոտս հոկտեմբերի 15-ը ֆիքսեցի, որ մյուս տարի մի բան անենք: Թեկուզ գյուղի կանանցով կհավաքվենք կնշենք:
Իսկ կարո՞ղ էիք ներկայացնել գեղջկուհու տեսակը՝ Ձեր պատկերացմամբ: Ինչպիսի՞ն պետք է լինի գեղջկուհին եւ ինչպիսին է այսօր:
Գիտեք, այսօր գեղջկուհի որպես այդպիսին կարելի է ասել՝ չկա: Բոլորը արմատներից հեռացած են եւ ավելի շատ դեպի քաղաքակիրթ աշխարհ են ուզում գնալ: Գեղջկուհին պետք է պահպանի հային յուրահատուկ ադաթները, սովորույթները, գեղջկական խաղիկները, ամոթխածությունը, հարգանքը մեծի նկատմամբ, կարմիր խնձորի ավանդույթը: Երեւի, կամաց-կամաց պետք է հետ գնանք: Հիմա որոշ չափով կարմիր խնձորի ավանդույթն է միայն պահպանվում: Բայց մեր մյուս ավանդույթներն էլ, օրինակ, Բարեկենդանը եւ այլն, կամաց-կամաց պետք է արթնացնենք:
Դուք որպես կին գյուղապետ ասում եք, որ մեր ավանդույթները պետք է հետ բերել, իսկ ահա կուսակցության կին ղեկավարներից մեկը վերջերս կոչ արեց, որ մինչեւ 26 տարեկանը աղջիկները հրաժարվեն կուսությունից:
Շատ վատ բան է ասել: Իմ ամբողջ էությունով, բնությունով ստեղծված վայրկյանից ես հայ եմ, հետեւաբար դա չեմ ընդունում: Մեր հայկական կոլորիտում կուսությունն անպայման պետք է լինի: Դա միակ մաքրությունն է, որ աղջիկը պետք է իր ամուսնու ընտանիք տանի:
Այսինքն եթե ձեր տղան մի աղջկա սիրահարվի, որը կույս չէ, Դուք նրան որպես հարս չե՞ք ընդունի:
Ոչ, երբեք: Հարսը պետք է մաքրամաքուր իր ամուսնու տուն մտնի: Եթե դա չլինի, ուրեմն նա կեղտոտված է: Էլ իմաստ չունի, որ նա սպիտակ զգեստ հագնի, եկեղեցի մտնի, կամ ամուսնու տուն գնա:
Բայց շատերն ասում են, որ կարեւորը մարդկային որակներն են:
Կապ չունի, առաջնայինը կուսությունն է: Եթե աղջիկը խաբվել ա, կամ ինչ-որ բանի զոհ է գնացել, դա ուրիշ հարց է: Բայց եթե միտումնավոր գնացել ա այդ բանին, որ զրկվի դրանից, իրեն լավ զգալով, ես դա չեմ ընդունում:
Այսօր գեղջկուհիներն ինչո՞վ են տարբերվում քաղաքի աղջիկներից:
Դե գյուղի աղջիկները մի քիչ ավելի ամոթխածություն ունեն, որը շատ հաճախ շինծու է: Քաղաքի աղջիկը կարող է իր շարժուձեւով ազատ պահի, բայց կուսությունը պահպանած լինի: Այսինքն` ներկայանա այնպես, որ քեզ թվա, թե պարկեշտություն չունի: Իսկ գյուղի աղջիկը կույս չլինելով կարող է իրեն այնպես ներկայացնել , թե ամեն ինչ հարթ է, նորմալ ու մարդիկ հավատան: Գյուղի աղջիկները համեստ են ձեւանում, բայց ավելի ճարպիկ են:
Շատերը գեղջկուհի արտահայտությունը օգտագործում են դիմացինին վիրավորելու համար: Օրինակ, հաճախ եթե դիմացինի արտաքին տեսքը չի գոհացնում, ասում են. «Հո դու գեղջկուհի չե՞ս»:
Գեղջկուհի բառի մեջ ի՞նչ վիրավորական բան կա: Երեւի, բառի բուն իմաստը չեն հասկացել, դրա համար էլ վիրավորելու համար են օգտագործել: Գեղջկուհի ասելով ես պատկերացնում եմ գյուղի կոլորիտով, հագուկապով աղջիկներին: Մեր հայկական հագուկապով պետք է հագնվեն, ոչ թե թուրքական փալաններն ու բալախոները հագնեն: Պետք է ավելի համեստ հագնվեն: Թեկուզ թող շալվար հագնեն, բայց համեստ, ոչ թե վուլգար ձեւով: Ինչ վերաբերում է դիմահարդարմանը, լինի գյուղում, թե քաղաքում, եթե կինը քնից արթնանում է, մինչեւ իր սենյակից դուրս գալը նա պետք է իր հագուկապը, մազերի հարդարանքը, մակիաժը կարգավորի: Բայց գյուղում պետք է թեթեւ քսվեն՝ քանի որ գործի մեջ, որ քրտնես, կարող է ծորալ ու քեզ լրիվ ապականել: Պետք է կոկիկ, սիրուն, «կուլտուրավարի» եւ քաղաքավարի քսվեն:
Ի՞նչ եք կարծում, 21-րդ դարում կնոջը հարի՞ր է կով կթել, լավաշ թխել:
Կով կթելը կարելի է փոխարինել: Հիմա կով կթելու ապարատներ կան հազար ու մի բան կա: Կամ էլ հենց ամուսինները պետք է կթեն: Այո մեր գյուղում շատ ընտանիքներում են կովը ամուսինները կթում: Բայց գյուղի յուրաքանչյուր կին իմ կարծիքով պետք է կարողանա լավաշ թխի եւ գրտնակ անի: Թոնիր վառելը, գրտնակ անելը , ճմուռ անելը գյուղում ամենաերանելի բանն է:
Օգտվելով առիթից կարող եք Ձեր շնորհավորանքը ուղղել գեղջկուհիներին:
Առաջին հերթին ցանկանում եմ կանացի երջանկություն կլինի դա գյուղում, թե քաղաքում: Նամանավանդ գեղջկուհիներին: Ինչ-ինչ հոգսերի թեթեւացում: Այսինքն` իրենց այրերը աշխատանք ունենան, որ մի քիչ իրենք թեթեւ լինեն եւ զբաղվեն միմյանց իրենց տնական գործերով ու կողքից էլ այնպիսի աշխատանք ունենան, որ իրենց հաճույք պատճառի:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը





























