«Մեր քայլերի մասին ոստիկանությունն է տեղեկություններ հաղորդում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներին՝ հանցագործ բանդային»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 15-ին, Կոմիտասում գործող «Երևան Սիթիի» դիմաց բողոքի ակցիայի  զարգացումներին:

Վարդան Հակոբյանի խոսքով, նախաձեռնության անդամները միայն ոստիկանության աշխատակիցներին են տեղեկացրել, որ փոխում են երթուղին՝ «Փակ շուկա» գնալու փոխարեն պատրաստվում են գնալ Կոմիտասում գործող «Երևան Սիթիի»:

 «Ասեցինք՝ տղերք ջան, էսօր Կոմիտաս ենք գնալու, կարաք գնաք դուք: Մենք էլ մեքենաները նստեցինք, շարժվեցինք, բայց մինչեւ տեղ հասանք, տեսանք նույն Սամվել Ալեքսանյանի զորքը Կոմիտասի Սիթիի առջեւ էր, այնտեղ էին նաեւ ոստիկանները: Սկզբում մենակ տղամարդիկ էին, հետո կանայք ավելացան: Մենք երեսուն հոգի էինք, իրանք՝ մոտ չորս հարյուր: Փաստորեն ոստիկանությունը նրանց տեղյակ էր պահել»,- պատմեց «Նախախորհրդարանի» անդամը:

Կոմիտասում գործող «Երևան Սիթիի» դիմաց բողոքի ակցիան ավարտելուց հետո «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները ցանկացել են ակցիան շարունակել «Փակ շուկայի» դիմաց, բայց ակցիան տեղի չի ունեցել, քանի որ նրանք նկատել են, որ Տիգրանյան փողոցի վրա կայանած՝ նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի եւ «Նախախարհրդարանին» պատկանող մեկ այլ մեքենայի անիվները պատռված են:

 «Այդ ամենը Սամվել Ալեքսանյանի խուժանների բանդայի ձեռքի գործն էր: Իրանց արարքը ուղղակի խուժանի, խուլիգանի պահվածք է՝ գալ ու մեքենան վնասել: Դա ասպետական պահվածք չէ: Այդ մեքենան իրանց ինչ պատասխան պիտի տար: Մենք հակառակորդներ ենք, կարանք վիճենք, անգամ կռիվ անենք, բայց ստորություն չի կարելի անել : Անիվը կփոխենք, բայց իրանց ստորությունը կմնա»,- մեկնաբանեց պարոն Հակոբյանը:

 «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը հավելեց, որ Քոչարից դեպի Կոմիտաս տանող Տիգրանյան փողոցում, որտեղ կայանած են եղել վնասված մեքենաները, երկու սուպերմարկետ կա, որոնց շրջակայքը հսկվում են տեսախցիկներով, եւիրենք ակնակալում են, որ ոստիկանությունը կգտնի մեղավորներին. «Հիմա ապացույցներ կան, տեսախցիկները նկարահանել են, ու ոստիկանությունը չի կարող ասել, թե կամերաններ չկան կամ նկարահանում չէր գնում։ Նրանք շատ կարճ ժամանակում կարող են գտնել մեղավորներին: Եթե չգտնեն, ուրեմն ոստիկանությունում չեն ցանկանում բացահայտել: Եթե չգտնեն, ուրեմն կարանք ասենք՝ մածունը սեւ ա»: