«ՀԺ»–ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ՀՀ իշխանություններն, այդուամենայնիվ, որոշակի համաձայնության են եկել Եվրամիության հետ եւ պատրաստվում են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Ասոցացման եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրի փոխարեն 1.5 էջանոց մի փաստաթուղթ ստորագրել։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Փաստաթղթի անունը, ըստ այս պահին եղած տեղեկատվության, լինելու է հռչակագիր։ Դիվանագիտական աղբյուրները մանրամասնում են, որ ստորագրվելիք հռչակագիրը լինելու է այս տարիների ընթացքում ԵՄ-ի հովանու ներքո արդեն կատարված աշխատանքների մասին՝ կոռուպցիան հաղթահարելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում։

 Նույն շրջանակները նշում են, որ ԵՄ-ն համաձայնել է նման փաստաթղթի ստորագրմանը, քանի որ հակառակ դեպքում կստացվեր, որ պարտվել է Հայաստանի դեպքում եւ իր 4 տարվա աշխատանքը ջուրն Է ընկել։ Իսկ Սերժ Սարգսյանին դեկլարատիվ այդ փաստաթղթի ստորագրումը խիստ ձեռնտու է, քանի որ նա էլ պետք է փորձի ապացուցել, թե՜ տեսե՜ք իմ ասած «եւ-եւ» սկզբունքը իրագործվեց»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):