Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մոսկվայում Բիրյուլեւոյի շրջանում ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունները խտրականություն է որակել:

«Ռուսական ոստիկանության կողմից սպանության կասկածանքով ավել քան հազար ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունները կրում են խտրական բնույթ եւ ակնհայտ է, որ անօրինական են»,-հայտարարել է Amnesty International-ի ռուսական ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկիտինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Amnesty International-ի հայտարարությունում ասվում է, որ ներգաղթյալները ծայրահեղ խմբավորումների հարձակումների սովորական թիրախ են դառնում իշխանությունների թողտվության արդյունքում: Ընդ որում, Մոսկվայում այլատյաց տրամադրությունների աճ է նկատվում: «Ոստիկանության գործողությունները ակնհայտ ցուցադրական բնույթ են կրել եւ օրինական հիմք չեն ունեցել: Նման արձագանքն իրավիճակին, միայն էլ ավելի է սրում երկրում այլատյաց տրամադրությունները»,-ասել է նա:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, կազմակերպությունում նշում են, որ Ռուսաստանում քսենոֆոբիայի տարածվածությունն այնքան մեծ է, որ սեպտեմբերին Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում «ներգաղթյալների դեմ ուղղված քաղաքականությունն ընկած էր թե իշխանական թեկնածու Սերգեյ Սոբյանինի, թե ընդդիմադիր թեկնածու Ալեքսեյ Նավալնիի քարոզարշավի հիմքում»:
Հիշեցնենք, որ Բիրյուլեւոյում ներգաղթյալների զանգվածային ձերբակալություններն սկսվել են զանգվածային անկարգություններից հետո, որոնք տեղի են ունեցել 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունից հետո:Հոկտեմբերի 15-ին այդ գործով ձերբակալվել է գլխավոր կասկածյալ համարվող Օրհան Զեյնալովը՝ ազգությամբ ադրբեջանցի: