Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիա այցելած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:
Ողջունելով հյուրերին` Ժերար Կոլոմբը նախ, բարձր գնահատելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը, նշել է, որ ընթացիկ համաժողովի անցկացումը մեկ անգամ եւս փաստում է այդ հարաբերությունների կարեւորությունը, ապա նկատել, որ երկու երկրների համայնքների միջեւ հետզհետե ընդլայնվող եւ ամրապնդվող գործընկերային կապերն իրենց հերթին ապացուցում են, որ Հայաստանը եւ Ֆրանսիան իրապես շահագրգիռ են երկու երկրների կապերի խորացման հարցում: Երեւանի եւ Լիոնի միջեւ առկա գործընկերային հարաբերություններն օրինակելի գնահատելով՝ Ժերար Կոլոմբը նաեւ նկատել է, որ դրանք զարգացման լուրջ հեռանկարներ ունեն եւ վստահեցրել է, որ Լիոնը պատրաստակամ է երկու քաղաքների միջեւ առկա համագործակցության ծրագրի շրջանակում էլ ավելի խորացնելու երկուստեք փոխշահավետ ու գործընկերային հարաբերությունները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ երկուստեք հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ Երեւանն ու Լիոնը համագործակցության զարգացման լուրջ ներուժ ունեն, եւ վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը եւս շահագրգիռ է հարաբերությունների էլ ավելի խորացման հարցում: Օգտվելով առիթից՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վերահաստատել է Ժերար Կոլոմբին Երեւանում հյուրընկալելու իր պաշտոնական հրավերը` միասին նշելու երկու քաղաքների բարեկամության 20-ամյակը:





























