Լիոնի հետ Երեւանի գործընկերային հարաբերությունները շուրջ 20 տարվա պատմություն ունեն, ինչը մեր կապերի ամրության լավագույն ապացույցն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի մասնակիցների համար Լիոնի քաղաքապետարանում կազմակերպված պաշտոնական հյուրընկալության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժերար Կոլոմբին` համաժողովի մասնակիցներին հյուրընկալելու համար, այն գնահատելով որպես Երեւանի եւ Լիոնի միջեւ առկա սերտ համագործակցության եւս մեկ խոսուն ապացույց:
«Մենք կարեւորում ենք ֆրանսիական քաղաքների եւ ռեգիոնների հետ բոլոր ուղղություններով համագործակցության զարգացումը, եւ սա, վստահ եմ, Հայաստանից ժամանած իմ բոլոր գործընկերների կարծիքն է: Առաջիկա համաժողովը եւս մեկ լավ հնարավորություն է՝ գործընկերներով հանդիպելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու եւ, իհարկե, նաեւ ամփոփելու եւ գնահատելու արդեն կատարած աշխատանքներն ու ծրագրելու նորերը։ Ապակենտրոնացված համագործակցության համատեքստում ես կարեւորում եւ բարձր եմ գնահատում, նաեւ, ինչու չէ, ընդօրինակելի եմ համարում Երեւանի ու Լիոնի միջեւ տարիների ընթացքում ձեւավորված բարեկամական եւ գործընկերային կապերն ու հարաբերությունները»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Ներկայացնելով անցած 20 տարիների ընթացքում քաղաքային տնտեսության բազմաթիվ բնագավառներում իրականացված համատեղ ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ հավելել է, որ Երեւանի եւ Լիոնի միջեւ համագործակցությունը ներկայումս իրականացվում է եռամյա համագործակցության ծրագրի շրջանակում, որով հստակ նախանշված են գործակցության ոլորտները, պատասխանատուներն ու իրականացման ժամանակացույցը։
«Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունների համատեքստում մեր քաղաքների եւ ռեգիոնների միջեւ ապակենտրոնացված համագործակցությունն իրապես առանձնակի կարեւորություն է ստանում: Եվ ես համոզված եմ, որ մեր համատեղ կամքի եւ նպատակաուղղված գործողությունների շնորհիվ մեզ կհաջողվի գտնել ու ձեւավորել փոխգործակցության նոր ուղիներ եւ մոդելներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբին` հյուրընկալության համար։





























