ԱՊՀ անվտանգության մարմինների ղեկավարները Երեւանում կքննարկեն Աֆղանստանից թմրամիջոցների ապօրինի տարանցման դեմ պայքարին վերաբերող հարցեր: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը՝ ներկայացնելով Հայաստանում բացված ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների եւ անվտանգության մարմինների ղեկավարների նիստի օրակարգը:
Նրա գնահատմամբ՝ մայիսին Բիշքեկում տեղի ունեցած նիստից հետո, բազմակողմանի համագործակցության գծով մի շարք կարեւոր միջոցառումներ են անցկացվել, տեղի են ունեցել համատեղ հակաահաբեկչական վարժանքներ: Նա նշել է, որ նման հանդիպումնե թույլ են տալիս քննարկել առավել նշանակալի հարցեր, մարտահրավերներ եւ սպառնալիքներ, գտնել օպտիմալ լուծումներ եւ կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերել:
Նիստի ընթացքում քննարկվելու են Աֆղանստանից ԱՊՀ երկրներով անցնող օփիումային թմրամիջոցների ապօրինի տարանցմանը վերաբերող հարցեր: Կքննարկվեն այդ ոլորտում հանցագործությունների մեջ ներքաշված եւ ԱՊՀ երկրների տարածքում թաքնվող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը եւ այլն:





























