Առաջին թեթևագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, ով օրերս հրաժարվեց IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսից, կարող է WBC-ի վարկածով չեմպիոնական գոտին պահպանելու համար մրցամարտ անցկացնել 29-ամյա մեքսիկացի Տոմաս Ռոխասի հետ:
Ըստ «Armsport.am» կայքի, այս տեղեկությունը հայտնել է հայ մարզիկի պրոմոութեր Գերի Շոուն: Վերջինիս կարծիքով, Ռոխասի հետ մրցամարտն ամենահարմար տարբերակն է, սակայն պրոմոութերը դեռ պետք է բանակցի Դարչինյանի հետ: Բացի այդ իր համաձայնությունը պետք է տա ամերիկյան Showtime հեռուստաընկերությունը, որը հեռարձակում է Վիկի մասնակցությամբ հանդիպումները:
Հուլիսի 18-ին Տոմաս Ռոխասը նվաճեց WBC-ի վարկածքով ժամանակավոր աշխարհի չեմպիոնի կոչումը` տեխնիկական նոկաուտով հաղթելով իր համերկրացի Էվերարդո Մորալեսին: Ներկայումս Ռոխասը WBC-ի վարկանիշային աղյուսակում եզրափակում է լավագույն եռյակը:



















