Ադրբեջանի կողմից պետական մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը եւ մշտական ռազմական սպառնալիքը, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից  բնականոն հարաբերություններ հաստատելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժխտողական քաղաքականությունը շատ զգայուն են դարձնում Հայաստանը արտաքին վտանգների նկատմամբ, ինչը բնականաբար արտահայտվում է մեր արտաքին քաղաքականության մեջ՝ առաջին պլան մղելով ռազմական, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրները:  Այս մասին, հոկտեմբերի 15-ին, Եվրոպական խորհրդարանում Եվրոպայի հայերի երրորդ համագումարում ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով ՝Հայաստանի քաղաքական զարգացման ճանապարհին եվրոպական ուղղությունը շարունակում է հանդիսանալ արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը: «Հայաստանի խորհրդարանը չի հրաժարվի այդ բարեփոխումների իրականացման առաջատարը լինելու պատասխանատվությունից»,-ասել է նա:

Հայաստանի խորհրդարանի խոսնակն իր ելույթում նաեւ նշել է.

«Ձեզ անշուշտ հայտնի է, որ արդեն քառորդ դար հայ ժողովուրդն իր հայրենիքում՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում, ապրում է տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ շրջափակման պայմաններում: Ագրեսիվ պահվածք դրսեւորող Ադրբեջանի եւ վերջինիս կողմից պետական մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը եւ մշտական ռազմական սպառնալիքը, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից  բնականոն հարաբերություններ հաստատելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժխտողական քաղաքականությունը շատ զգայուն են դարձնում Հայաստանը  արտաքին վտանգների նկատմամբ, ինչը բնականաբար արտահայտվում է մեր արտաքին քաղաքականության մեջ՝ առաջին պլան մղելով ռազմական, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրները:

Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի առաջին Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանք են մեր ժողովրդի ոչ միայն հսկայական մարդկային, տարածքային, նյութական եւ մշակութային կորուստները, այլեւ մեր երկրի այսօրվա անբարենպաստ աշխարհագրական դիրքը եւ տնտեսական զարգացման հնարավորությունների սահմանափակ լինելը:

Դառը պատմական հիշողությունները հաղթահարելով, Հայաստանը փորձ կատարեց առանց նախապայմանների, բնականոն հարաբերություններ հաստատել իր հարեւան Թուրքիայի հետ: Հայաստանի ղեկավարությունը գնաց այդ քայլին՝ ենթարկվելով սուր քննադատությունների թե’ երկրի ներսում եւ թե’ սփյուռքում: Գնաց` հույս ունենալով, որ այդ քաղաքականությունը խրախուսող մեր եվրոպական եւ ամերիկյան գործընկերներն ի զորու կլինեն ապահովելու կառուցողական դիրքորոշում նաեւ Թուրքիայի կողմից: Դա, սակայն, տեղի չունեցավ եւ Թուրքիայի հակահայկական քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չարձանագրվեց: Որպես հետեւանքª Հայաստանը զրկվեց Եվրոպայի հետ նոր անմիջական կամուրջներ կառուցելու հնարավորությունից: Ակնհայտ է, որ Թուրքիայի նման անզիջողական դիրքը պայմանավորված է Ադրբեջանի կողմից կիրառվող ճնշումներով ու շանտաժով:

Ադրբեջանական վերնախավի նավթային եկամուտների վրա հիմնված ագրեսիվ ամբիցիաները դարձել են ողջ տարածաշրջանի անկաշկանդ զարգացման լուրջ խոչընդոտ, մի հանգամանք, որը ոչ միայն խաթարում է ժողովուրդների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված առեւտրատնտեսական համագործակցությունը, այլեւ լարվածության մեջ պահում ողջ տարածաշրջանը:

Սակայն, ո’չ ադրբեջանական իշխանությունների սպառնալիքները, ո’չ էլ նրանց կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը չեն կարող կասեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշեղ առաջընթացը եւ նրա միջազգային ճանաչմանն ուղղված ողջ հայության կողմից իրականացվող ջանքերը:

Ամեն տարի ավելի ու ավելի շատ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, արտասահամանյան պատվիրակություններ եւ զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից այցելում են Արցախ, տեղում ծանոթանում երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Ծանոթանում են ժողովրդի հետ, որի  անկախացումը Ադրբեջանից 1991 թվականին տեղի է ունեցել գործող սահմանադրության, միջազգային օրենքների եւ սկզբունքների բծախնդիր պահպանմամբ, ժողովուրդ, որը, դիմագրավելով Ադրբեջանի ռազմական լայնածավալ ագրեսիան,  այսօր կառուցել է ժողովրդավարական պետություն, որը վերջապես նվաճել է իրավունք` ինքնուրույն ներկայանալու միջազգային բեմում՝ որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության  պահպանման կարեւոր սուբյեկտ:

Վստահ եմ, որ այս համաժողովն էլ իր դերը կունենա համաշխարհային հասարակական կարծիքի ձեւավորման գործում եւ կմոտեցնի Արցախի միջազգային ճանաչման եւ տեւական խաղաղության հաստատման օրը:

Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին` ուղղված պատմական արդարության վերականգմանը, հարատեւ խաղաղության հաստատմանը, եւ տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը»: