Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի անցկացումը լավագույնս խոսում է երկու պետությունների միջեւ առկա բարեկամական ամուր հիմքերով համագործակցության ընդլայնման մասին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը:
Ողջունելով հյուրերին՝ Ալեն Մորիսը նախ իր անթաքույց գոհունակությունն է հայտնել առ այն, որ համաժողովն անցկացվելու է Վալանս քաղաքում:
Բարձր գնահատելով համայնքների միջեւ կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը՝ Վալանսի քաղաքապետը հույս է հայտնել, որ այս համաժողովը եւս մեկ կարեւոր խթան կհանդիսանա բոլոր կողմերի համար` հարաբերություններն առավել սերտացնելու տեսանկյունից:
Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ հատկապես քաղաքային համայնքների դեպքում, ըստ էության, խնդիրները հիմնականում նույնական են ու բնական է, որ դրանց լուծման եղանակների հարցում էլ հաճախ կիրառելի են համանման մոտեցումները եւ որ համաժողովն իսկապես լավ հարթակ է լուծման եղանակների քննարկման ու դրանք կիրառելի դարձնելու տեսանկյունից:
Նույն օրը, Տարոն Մարգարյանը հանդիպել է նաեւ Ռոն Ալպի ռեգիոնի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Ժան Ժակ Քեյրանը նախ անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին եւ հատկանշել, որ դրանք իրապես բարձր մակարդակի վրա են, ինչը բնավ զարմանալի չէ, քանզի երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմքեր ունի: Ըստ այդմ, նա անհրաժեշտ եւ օրինաչափ է գնահատել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի անցկացումը, որը, ըստ Քեյրանի, լավագույնս ապացուցում է, որ ոչ միայն երկու երկրների միջպետական հարաբերություններն են անհրաժեշտ բարձրության վրա, այլեւ միջհամայնքային եւ ռեգիոնալ կապերը: Ժան Ժակ Քեյրանը նկատել է, որ այդ ամենում, անշուշտ, մեծ դերակատարում ունի ֆրանսահայ համայնքը, որն իր ազդեցիկ տեղն ու կշիռն ունի նաեւ Ռոն Ալպի ռեգիոնում եւ լավագույնս ներկայացնում է աշխատասեր ու արարող հայ ժողովրդի տեսակը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է, որ ֆրանսիական մի շարք համայնքների հետ այսօր առկա է սերտ համագործակցություն, այդ թվում նաեւ՝ Լիոն քաղաքի, որի հետ համատեղ իրականացվել ու իրականացվում են մի շարք կարեւոր ծրագրեր: Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկուստեք կապերն էլ ավելի կխորանան ու կամրապնդվեն:





























