Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Քեզերաշվիլիին ձերբակալել էին Ֆրանսիայի Նիս քաղաքի օդանավակայանում, որտեղից նա ցանկանում էր թռչել Ալբանիա: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ֆրանսիական ոստիկանության աղբյուրը:
Հոկտեմբերի 15-ին Քեզերաշվիլիին տեղափոխել էին Էքս ան Պրովանս, որտեղ քաղաքի վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազը նրան «հնարավոր արտահանձնման հեռանկարով կալանքի տակ առնելու» որոշում էր կայացրել:
Նախկին նախարարը գտնվում է Էքս ան Պրովանսից ոչ հեռու գտնվող բանտում:
Արտահանձնման ամսաթվի վերաբերյալ որոշում առայժմ չկա:
«Ինտերպրեսնյուզը» հստակեցնում է, որ Դավիթ Քեզերաշվիլին մեղադրվում է ֆինանսական մի շարք գործերով, այդ թվում՝ առանձնակի խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:
Վրաստանի գլխավոր դատախազությունը նրա արտահանձնման համար դիմումի փաստաթուղթ է նախապատրաստում:





























