Նախօրեին մերձմոսկովյան Կոլոմնայում ձերբակալված ադրբեջանցի Օրհան Զեյնալովը, որը կասկածվում է 25-ամյա մոսկվացու սպանության մեջ, խոստովանել է իր կատարած հանցագործությունը: Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցի Վլադիմիր Մարկինը, Զեյնալովի հարցաքննության ընթացքում հայտնել է, որ հենց նա է դանակով հարվածներ հասցրել Եգոր Շչերբակովին, ասված է գերատեսչության կայքում:
«Բայց պարզվել է, որ Զեյնալովը, որը 10 տարի ապրել է Ռուսաստանի տարածքում, հանկարծ մոռացել է ռուսերենը: Հիմա մենք նրան թարգմանիչ ենք տրամադրել, որը ներկա է կասկածյալի բոլոր քննչական գործողություններին»,-նշել է Մարկինը՝ հավելելով, որ «նմանատիպ պերսոնաժները» Քննչական կոմիտեի համար նորություն չեն, հաղորդում է NEWSru.com-ը:
Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ Օրհան Զեյնալովը մինչեւ ձերբակալությունը մշտական աշխատանք չի ունեցել եւ զբաղվել է մասնավոր փոխադրումներով, ինչպես նաեւ գունավոր մետաղի ջարդոնի առքուվաճառքով:
Հիշեցնենք, որ քննության տվյալներով, կասկածյալը հոկտեմբերի 10-ին, պատահաբար փողոցում բախվել է Եգոր Շչերբակովի եւ նրա ընկերուհու հետ: Նրանց միջեւ վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Զեյնալովը երկու անգամ դանակով հարվածել է ռուս երիտասարդին: Վերջինս ստացված վնասվածքներից մահացել է:
Օրհան Զեյնալովը դեպքի վայրից դիմել է փախուստի եւ ձերբակալվել միայն նախօրեին՝ Կոլոմնայում:
«Ժողովրդական հավաքը», որի ընթացքում տեղի բնակիչները պահանջել են անհապաղ հետաքննել Շչերբակովի սպանությունը, վերաճել են զանգվածային անկարգությունների, որի ժամանակ ջարդել են կովկասցիների պատկանող կրպակներն ու խանութները, ծեծի ենթարկել նրանց:





























