Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ նախագահի 2013թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգեւները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ եւ դրամական պարգեւ:

Նախագահի հրավերով միջոցառմանը մասնակցել են նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երեւան ժամանած մեկ տասնյակից ավելի երկրների գիտությունների ազգային ակադեմիաների նախագահները, ովքեր շնորհավորել են մրցանակակիրներին եւ մաղթել նորանոր հաջողություններ:

Այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւին արժանացել են 21 ուսանող եւ 18 աշակերտ՝ 5 բուհից եւ 8 ավագ դպրոցից: Ընթացիկ տարում հանձնաժողովն ընդլայնել է մրցանակաբաշխությանը մասնակից կրթական հաստատությունների թիվը՝ ընդգրկելով նաեւ «Այբ» ավագ դպրոցը: Հանձնաժողովի որոշմամբ, այս տարի «գլխավոր մրցանակ» անվանակարգում հաղթող չի ճանաչվել:

Պարգեւատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած եւ նախագահի 2013թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին, մաղթել նոր հաջողություններ:

ՀՀ նախագահի կրթական պարգեւների հանձնման արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մասնավորապես, ասել է.

«Ողջունում եմ բոլորիդ նախագահի նստավայրում: Առաջին հերթին շնորհավորանքի եւ շնորհակալության խոսք եմ ուղղում պարգեւների արժանացած մեր երիտասարդներին: Այս պարգեւները նվաճելով՝ դուք ապացուցում եք, որ պատրաստ եք ինքնուրույն մուտք գործելու մեծ կյանքի ուղի:

Այժմ դուք կատարում եք ձեր առաջին քայլերը ձեր ընտանիքներից եւ նեղ ընկերական շրջապատից դուրս: Եվ այդ առաջին քայլերն ապացուցում են, որ դուք պատասխանատու եւ հայրենասեր մարդիկ եք մեծանում:

Որպես Հայաստանի Հանրապետության նախագահ՝ ես ձեր ծնողների հետ միասին կիսում եմ այս հաղթանակի բերկրանքը: Իմ, ինչպես եւ նրանց համար չի կարող լինել ավելի մեծ ձեռքբերում, քան ձեր հաջողությունը:

Միեւնույն ժամանակ, դուք օրինակ եք ծառայում ձեր հասակակիցների եւ ընկերների համար: Այդ օրինակը պետք է լինի վարակիչ, որպեսզի հեռուստատեսությամբ ձեզ տեսնողները եւս հավատան իրենց ուժերին, լծվեն իրենց ուսմանն ու կրթությանը: Թո՛ղ նրանք ոչ միայն ձեր օրինակի, այլեւ իրենց սեփական աշխատանքի շնորհիվ համոզվեն, որ մեկ, երկու, երեք տարի անց արդեն իրենց են ցուցադրելու հեռուստատեսային լուրերով՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում պարգեւներ եւ կրթաթոշակներ ստանալիս:

Դա հնարավոր է, հաստա՛տ հնարավոր է: Խնդրում եմ՝ պատմե՛ք բոլորին դրա մասին:

Սա ձեզանից յուրաքանչյուրի առաջին ձեռքբերումն է, որը դուք ինքներդ եք հնարավոր դարձրել: Եվ ես երախտապարտ եմ ձեզ՝ ձեր ձգտման, համառության, խանդավառության եւ եռանդի համար:

Ես վստահ եմ, որ այս առաջին պարգեւին արժանանալով՝ դուք սրա վրա կանգ չեք առնելու: Արժանանալու եք շատ ավելի մեծ պարգեւների: Ինչպես ասում են՝ լավ սկիզբը գործի կեսն է:

Դուք այդ լավ սկիզբը դրել եք, իսկ ես եւ ավագ սերնդի բոլոր ներկայացուցիչներն ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ազնիվ գործի երկրորդ կեսն էլ իրականություն դառնա: Վստահ եղեք, որ ինչպես այս պարագայում, ձեր կողքին կլինեն Հայաստանի պետական եւ մասնավոր շատ հաստատություններ՝ ձեզ համար հասու դարձնելով իրենց հնարավորությունները:

Աշխարհում այսօր մարդկային գիտելիքը եւ տաղանդն ամենաթանկն է գնահատվում: Իսկ դուք այսօր ներկայացնում եք մեր ժողովրդի տաղանդները, մեր ժողովրդի հարստությունը, մեր հասարակության սերուցքը: Ո՛չ մի կասկած չունեմ, որ ի դեմս ձեզ այստեղ է մեր Հայաստան աշխարհի ապագան, լուսավոր ապագան»: