Երեւանում, այսօր` հոկտեմբերի 16-ին, տեղի է ունեցել Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի դատական գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ 2013 թ.-ի ապրիլի 8-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի՝ վիճարկելով ՀՀ ԱԺ նախագահի 2012 թ.-ի առաջին կիսամյակի կարգադրությունների պատճենները տրամադրելու` ՀՀ ԱԺ-ի մերժումը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնից հայտնում են, որ 2013թ.-ի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած դատաքննության ժամանակ ԻԱԿ-ի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը ԱԺ-ի ներկայացուցչին դիմել է հարցադրումներով` խնդրելով հստակեցնել, թե ինչ բնույթի տեղեկություններն է ԱԺ-ն համարել անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն: ԱԺ-ի ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել նիստը, որպեսզի կարողանա ներկայացնել ԻԱԿ-ի հարցադրումների պատասխանները:
Հաջորդ նիստը տեղի կունենա 2013 թ.-ի դեկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին:




























