Ճապոնիայի Կումամոտո քաղաքում, հոկտեմբերի 10-11-ին, կայացել է «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի» լիազոր ներկայացուցիչների կոնֆերանսը, որին նախորդել է բաց կազմի միջկառավարական խորհրդակցությունը, որը կայացել է 2013թ. հոկտեմբերի 7-8-ը` Կոնֆերանսին նախապատրաստվելու նպատակով:
Կոնֆերանսին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը, ի դեմս` Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի եւ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Վտանգավոր նյութերի եւ թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանի:
Սնդիկի վերաբերյալ պարտադիր իրավական ուժ ունեցող գլոբալ փաստաթղթի մշակումն իրականացվել է 5 նստաշրջանների ընթացքում` մանդատով լիազորված բանակցությունների վարման միջկառավարական կոմիտեի կողմից, որը 5-րդ նստաշրջանի ընթացքում համաձայնեցրել է սնդիկի վերաբերյալ պարտադիր իրավական ուժ ունեցող գլոբալ փաստաթղթի տեքստը եւ որոշվել է այն անվանել «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիա»:
Լիազոր ներկայացուցիչների կոնֆերանսը հոկտեմբերի 10-ին ընդունել է «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան» եւ եզրափակիչ ակտը, ինչից հետո պետությունների եւ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ներկայացուցիչներին այն ստորագրելու հնարավորություն է տրվել:
Կոնֆերանսին մասնակցեցել են 139 երկրի հազարից ավել պաշտոնյաներ, նրանց թվում` մեկ երկրի ղեկավար, 48 նախարար եւ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Կոնվենցիան ստորագրել է 91 երկիր եւ Եվրամիությունը:
Հայաստանի կողմից Կոնվենցիան ստորագրել է Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:
«Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան» ուժի մեջ կմտնի 50 երկրների կողմից վավերացվելու դեպքում:
Կոնվենցիայի նպատակը մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի եւ սնդիկի միացությունների անթրոպոգեն արտանետումներից եւ արտազատումներից: Դրանով նախատեսվում է ֆինանսական մեխանիզմներ` կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով կոնվենցիային միացած զարգացող եւ անցումային տնտեսություն ունեցող երկրներին ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:





























