Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրատապ կարգով ընդունել է քաղաքական եւ հասարակական ակտիվիստ Կարո Եղնուկյանին: Վերջինս Օմբուդսմենին հայտնել է, որ անհանգստացած է սեփական անվտանգության համար, քանի որ ակտիվորեն մասնակցում է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» ակցիային: Նա Պաշտպանին հայտնել է նաեւ, որ «իրեն սպառնում եւ հետապնդում են, ինչպես նաեւ իր նկատմամբ սերմանում եւ հրահրում են ատելություն»:
Կարո Եղնուկյանը համոզված է, որ նույն հետապնդման հետեւանք է նաեւ, որ հոկտեմբերի 15-ին անհայտ անձինք վնասել են իր մեքենայի բոլոր չորս ընթացքային անվադողերը, ինչի մասին նա հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն:
Ի պաշտպանություն Կարո Եղնուկյանի՝ Օմբուդսմենի կողմից հրատապ գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանապետին:
Պաշտպան Կարեն Անդրեասյանը բազմիցս անդրադարձել է իրավապաշտպանների եւ հասարակական ակտիվիստների անվտանգության եւ առողջության ապահովման խնդիրներին: Օմբուդսմենը եւս մեկ անգամ հորդորում է Ոստիկանությանը հնարավորինս արդյունավետ կերպով ապահովել հասարակական եւ քաղաքական ակտիվություն դրսեւորող բոլոր քաղաքացիների պատշաճ անվտանգությունը:





























