Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկիին եւ իր գոհունակությունը հայտնել Մայր Աթոռի թանգարանների եւ Պետական Էրմիտաժի միջեւ ձեւավորված սերտ համագործակցության համար: Նա մասնավորապես իր գնահատանքն է հայտնել Էրմիտաժի տնօրենին Հայ Եկեղեցու պատմական սրբազան արժեքների վերականգնման եւ պահպանման գործում Մայր Աթոռին ցուցաբերվող մեծ աջակցության եւ մասնագիտական խորհրդատվության համար:
Այնուհետեւ Միխայիլ Պիոտրովսկին Գարեգին Բ-ին ներկայացրել է առաջիկայում Էրմիտաժում Մայր Աթոռի թանգարանների հետ համատեղ կազմակերպվելիք Հայ Եկեղեցու եկեղեցական վարագույրների եւ խույրերի ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները:
Զրույցի ընթացքին անդրադարձ է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարեւոր դերակատարությանը հայ հոգեւոր սրբազան արժեքների հավաքագրման ու պահպանության գործում, ինչպես նաեւ թանգարանային ցուցադրությունների ընդլայնման հեռանկարներին:
Հանդիպումից հետո Գարեգին Բ-ն ու Պիոտրովսկին այցելել են «Ռուբեն Սեւակ» նորաբաց թանգարան, ինչպես նաեւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարան:





























