Հայաստանի ՆԳ նախկին նախարար, արձակագիր Վանո Սիրադեղյանի կինը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը, չի կարող ասել, թե ովքեր եւ ինչու են լոըրեր տարածում, որ Վանո Սիրադեղյանը վերադառնալու է Հայաստան եւ առաջադրվելու է Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնի համար: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, միաժամանակ հերքելով տարածված այդ տեղեկությունները:
Նա նշեց, որ այդ մասին ինքը որեւէ տեղեկություն չունի, նման բան չկա: Հարցին, թե ինչո՞ւ են նման լուրեր տարածում, ո՞րն է նպատակը, Վանո Սիրադեղյանի կինը խորհուրդ տվեց հենց նման լուրեր տարածող սկզբնաղբյուրներից ճշտել, թե ինչու են անհարկի շահարկում նրա անունը:
Դիտարկմանը, թե գուցե այդպես հող են նախապատրաստում նրա վերադարձի համար, ստուգում են հանրության վերաբերմունքը, գրադարանի տնօրենը նկատեց, որ այդպես հող չեն պատրաստում:
Նշենք, որ լրատվամիջոցներում անընդհատ տեղեկություններ են շրջանառվում Վանո Սիրադեղյանի վերադարձի եւ ՀԳՄ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին:





























