«Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը Հայաստանի երեք նախագահների գրասենյակներին պաշտոնական գրություն է ուղարկել՝ հանդիպման ցանկությունով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Նա շեշտեց, որ իր ուղարկած գրությունները որեւէ կապ չունեն նախագահների հանդիպումը կազմակերպելու նախաձեռնության հետ։

Գառնիկ Իսագուլյանին դեռեւս հանդիպման օր ու ժամ չեն հայտնել, բայց նա նշեց, որ ինքը երբեւէ որեւէ խնդիր չի ունեցել որեւէ մեկի հետ հանդիպելու, որովհետեւ երբեւէ չի տեսել, որ իր ցանկությունը մերժվի: Ղարաբաղի նախագահներին հանդիպելու գրություն չի ուղարկել, նրանց հետ առաջիկայում ակնկալվում է հանդիպում:

«Գրությունների բովանդակությունը եւ այն, ինչ ես ասել եմ, ասուլիսում, իրար հետ բացարձակապես կապ չունեն; Գրություններում որեւէ առաջարկություն եռակողմ հանդիպման մասին չկա, բովանդակությունը հիմնականում հանդիպման ցանկությունն է, ուրիշ խնդիր չկա»,- ասաց նա:

Լավ հարաբերություններ ունենալով երեք նախագահների հետ՝ Գառնիկ Իսագուլյանը, այնուհանդերձ պաշտոնական գրություն է ուղարկել նրանց, քանի որ կարծոմ է, որ անձնական հարաբերությունները չպետք է խառնել աշխատանքային հարաբերությունների հետ: Նա դեռ չգիտի, թե ինչի մասին կխոսի երեք նախագահների հետ, բայց դա կլինի ոչ թե անձնական հարթության հարցերի, այլ քաղաքական խնդիրների քննարկման հանդիպում։ Զրույցի բովանդակությունը, կուսակցության ղեկավարի փոխանցմամբ, կախված է նախագահներից, զրույցի ընթացքից։ Նա խոստացավ կայանալիք հանդիպումների մասին հավելյալ տեղեկացնել։

Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանը Հայաստանում ստեղծված իրավիճակը փոխելու նպատակով հնարավոր տարբերակներ էր առաջարկել, որոնցից մեկը Հայաստանի երեք նախագահների հանդիպումը եւ կարեւոր հարցերի քննարկումն է, առաջարկներ ներկայացնելը, նրանց կարող են միանալ նաեւ ԼՂՀ երեք նախագահ, երկու վեհափառները։ «Ինձ համար շատ կարեւոր է, որ իրենց միջանձնային հարաբերությունները երբեք ավելի վերադաս չլինեն, քան պետական, ազգային խնդիրները»,- ասաց նա։ Գառնիկ Իսագուլյանը պատմեց, որ մինչ այդ նախաձեռնության մասին հայտարարելը նա հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բավականին երկար զրույց էին ունեցել, սակայն նախաձեռնության մասին խոսք չէր եղել: