ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստեղծված եւ նրանց ղեկավարությամբ տարիներ շարունակ գործած ֆինանսական բուրգի հայտնի գործի նախաքննությունն ավարտվել է, գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Այս մասին տեղեկացնում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ գործով կալանավորված Արթուր Անդրեասյանը «2010 թվականի հունիսից մինչեւ 2013թ. մայիսի 3-ը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով թվով 7 քաղաքացուց հափշտակել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումար, ձեռք է բերել գույքի նկատմամբ իրավունք...»։ Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ ֆինանսական բուրգը բազմաթիվ քաղաքացիներից հափշտակել է շուրջ 2,5 մլն դոլար գումար, սակայն քրեական գործով երեւում է դրա մի մասը միայն։ Այլ կերպ ասած, այդ ապօրինի կառույցի գործունեությունից տուժած ոչ բոլոր քաղաքացիներն են ճանաչվել տուժող։ Եվ բացի դրանից, քրեական գործով չի անցնում ոստիկանության որեւէ պաշտոնյա, իսկ դա նշանակում է, որ գործն իրականում «լղոզվել» է,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























