Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում կհանդիպեն աշնան վերջին, «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հաղորդել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:
Մեշկովը հաղորդել է, որ կողմերը պատրաստվում են Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի չորրորդ նիստին՝ Ռուսաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի նախագահությամբ: Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները կամփոփեն մեկ տարվա համագործակցութան արդյունքները, կառաջադրեն հեռանկարային խնդիրներ:
Ըստ Մեշկովի՝ Խորհրդի շրջանակներում գործում է համատեղ ռազմավարական ծրագրավորման խումբ՝ ԱԳ նախարարների գլխավորությամբ, որը համակարգում է միջազգային հարթակում համագործակցության հարցերը:
Դիվանագետը նաեւ ընդգծել է, որ երկկողմ համագործակցության կարեւորագույն նախագծերից է «Ակկույու» հարթակում ԱԷԿ-ի կառուցումը, որի արժեքը մոտ քսան միլիարդ դոլար է: Իրականացվում է եւս մեկ կարեւոր նախագիծ՝ «Հարավային հոսք» գազատարի կառուցումը, որի ծովային հատվածն անցնելու է Սեւ ծովում Թուրքիայի տնտեսական գոտիով:





























