Էդվարդ Սնոուդենի հայրը՝ Լոն Սնոուդենը, որդուն խորհուրդ է տվել մնալ Ռուսաստանում: Այս մասին նա հայտարարել է Մոսկվայից վերադառնալիս՝ Ջոն Քենեդու անվան օդանավակայանում:

Նա ընդգծել է, որ ամեն դեպքում որդին կվարվի այնպես, ինչպես հարմար է գտնում: «Նա միանգամայն վստահ է, որ ճիշտ է վարվել»,– նշել է նա:

Լոն Սնոուդենը Մոսկվայում մնացել է մեկ շաբաթ: Նա հայտնի սկանդալից հետո առաջին անգամ էր տեսնում որդուն:

Մոսկվայում Էդվարդ Սնոուդենի բնակության վայրը գաղտնի է պահվում: Փաստաբան Անատոլի Կուչերենայի խոսքով՝ամերիկացին համեստ կյանք է վարում եւ ցանկանում է աշխատանք գտնել:  Նա նաեւ հավելել է, որ Սնոուդենը շուտով բարձր պաշտոն կզբաղեցնի, քանի որ բազմաթիվ առաջարկներ է ստացել, գրում է rbc-ն՝ վկայակոչելով  Reuters-ը:

«Ռուսաստանում Էդվարդ Սնոուդենին նաեւ պետական պաշտպանության տակ են վերցրել: Մենք չպետք է մոռանանք, որ նա ամենափնտրվող ամերիկացին է»,–  ընդգծել է Կուչերենան: