Աբխազիայում կայացվել է Գեորգի Լուկավայի դատավճիռը, որը մեղադրվում է ավազակության, սպանությունների եւ մարդկանց առեւանգման մեջ: Հանրապետության գերագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ 20 տարվա գաղութի դատապարտել, նաեւ՝ 225 հազար ռուբլի տուգանքի:

Ըստ աբխազական դատախազության՝ Լուկավան վրացական զինված «Անտառային եղբայրներ» խմբավորման ղեկավարներից էր: Նրան հանցակից են համարում 1994թ. մայիսին Գալիի շրջանում աբխազ զինծառայողների վրա հարձակմանը, որի արդյունքում երկու զինվոր սպանվել, 11 մարդ առեւանգվել եւ տարվել էր Վրաստան:

Ավելի ուշ առեւանգվածներից ոմանք սպանվել էին: Նրանցից մեկին, ըստ աբխազական դատախազության, հենց  Լուկավան էր սպանել՝ հիմնավորելով, որ զինվորը արտաքնապես նման է Աբխազիայի նախագահ Վլադիսլավ Արձինբային, հայտնում է «Ապսնիպրեսս»-ը:

«Անտառային եղբայրներ» խմբավորումը ստեղծվել էր 1990-ականների սկզբին եւ գործել Աբխազիայի տարածում, որը հայտարարել էր Վրաստանից անկախանալու մասին: Խմբավորման անդամներին հանցակից են համարում աբխազական ուժային կառույցների աշխատակիցների, ռուսաստանցի զինծառայողների եւ խաղաղ բնակիչների սպանությանը:

«Վարդերի հեղափոխությունից» հետո վրացական իշխանությունները ջոկատն օրենքից դուրս էին ճանաչել եւ այն  լուծարվել էր:

Հրամանատար Դաթո Շենգելիան դատվել էր զենքի ապօրինի պահպանման եւ թմրավաճառության համար (2010-ին առողջական վիճակով պայմանավորված վաղաժամկետ ազատվել էր): Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Շենգելիան Լուկավայի դատավճռի առնչությամբ հայտարարել է, որ աբխազական դատախազությունը սուտ լուրեր է տարածում եւ որ իր ջոկատում Գեորգի Լուկավան ընդգրկված չի եղել: