Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր ասուլիսի եկավ մետրոյով՝ ոստիկանների ուղեկցությամբ եւ տասը րոպե ուշացումով։ Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն նշեց, որ ինքը Երեւանում տեղաշարժվում է ոտքով կամ հանրային տրանսպորտի միջոցներով, տվյալ դեպքում մետրոն ամենահարմարն էր։ Նրա թիկնապահները ասուլիսի սրահ չբարձրացան, պատգամավորը հարկ չհամարեց նրանց ներկայությունը։ Դիտարկմանը, թե գուցե սրահում ինչ-որ մեկ որոշի ձեզ այրել, պատգամավորը նկատեց՝ «կարծում եմ՝ դուք բոլորդ դա թույլ չեք տա»։ Նա հավելեց, որ այս պահի դրությամբ, երբ ինքը տեղաշարժվում է, ոստիկանները իրեն ուղեկցում են։
Զարուհի Փոստանջյանը հավելեց, որ իրավապահ մարմինները պարտավոր են անդրադառնալ լրատվամիջոցներում սպառնալիքներ հնչեցրած անձին, պետք է մեղադրանք առաջադրեն նրան եւ մեկուսացնեն։ Նա կոչ է անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել եւ այդ հայտարարություները հանել լրատվամիջոցներից, այդ սպառնալիքները հանել շրջանառությունից։
Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց նաեւ, որ երեկ դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ԱԺ-ում իր անվտանգությունը ապահովելու խնդրով, քանի որ չորս ՀՀԿ-ական պատգամավորներ սպառնալից հայտարարություններ են արել, որոնք հասարակական կարգի եւ բարոյականության դեմ են ուղղված։
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ բոլորին հայտնի է, թե ինչպիսի կրիմինալ անձնավորություններ կան ՀՀԿ-ում, եւ սա ոչ միայն իր դեմ է ուղղված, այլեւ ցանկացած անձի, ով կարծիք է արտահայտում։ «Երեւի թե հենց այդ հետապնդումներն էին պատճառը, որ ես դարձա քաղաքական կազմակերպության անդամ, ցանկացած այլ կարծիք, սուր հարցապնդւոմ, անհաշտ վարքագիծ, որը դրսեւորում է ներկայիս գործող իշխանություններ նկատմամբ, միշտ հետապնդման առարկա է եղել, եթե այս կարգերը գործեն, շարունակությունը լինելու են այլ անձանց նկատմամբ հետապնդումները։ Այս կանխարգելիչ միջոցները նպատակ պետք է հետապդնեն, որ այլ անձինք համարձակություն չունենան նման բան անելու»,- ասաց պատգամավորը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























