Նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը լուրջ է վերաբերվում նախագահների ակումբ ստեղծվելու նախաձեռնությանը: Այս մասին այսօր հոկտեմբերի 17-ին  հրավիրված ասուլիսին ասաց Ազատ Արշակյանը:

Նա նշեց, որ ոչ միայն նախագահների, այլեւ ԱԺ նախագահների, նախարարների ակումբ էլ, ԱԺ-ի եւ Եվրախորհրդի պատգամավորների ակումբ էլ պետք է լինի, քանի որ դա մեր քաղաքական էլիտան է :«Երեք նախագահները, եթե կարողանան համագործակցել, թեկուզ ակումբի մակարդակով, շատ լավ կլինի: Լինելով շատ տարբեր՝ շատ լավ կլինի, որ համերաշխության օրինակ ցույց տան»,- նշեց Ազատ Արշակյանը:

Իսկ ասուլիսի բանախոս Վահան Շիրխանյանը ասաց, որ չի կարծում, որ նման ակումբ կստեղծվի եւ հիմնավորեց.«Մարդը պետք է ինքը ունենա ներքին կուլտուրան:Նախագահը ընտրվելով ձեռքը դնում է Աստվածաշնչի վրա եւ երդվում ծառայել Հայաստանին եւ հայ ժողովրդին, բայց երբ ժամկետը ավարտվում է գնում է ու մոռանում: Իհարկե, պարտականություններից ազատվում է, բայց բարոյականը հո միշտ կա: Ես համաձայն եմ, որ դա պետք է վաղուց լիներ, բայց չեն ընդունի, քանի որ մեր մեջ ավելի շատ է նախանձը, չարությունը, քան թե մարդավարի աշխատելու կուլտուրան»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am