Թուրքիայի հարցերով Եվրահանձնաժողովի զեկույցի քննդատական հատվածում առաջին տեղում թուրքական իշխանությունների ոչ իրավահավասար արձագանքն է Գեզի պուրակի շուրջ իրավիճակին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
«Այդ իրադարձությունների արդյունքում եղել է վեց զոհ եւ ու հազար վիրավոր, ինչը բացասական ստվեր է գցել զեկույցի դրական նախատրամադրվածության վրա: Թուրքական իշխանությունների քննադատությունը կապված է նրա հետ, որ նրանք չեն ապահովել ժողովրդավարությունը եւ այրել են բոլոր կամուրջները, որոնք պետք էր պահպանել ցուցարարների հետ»,-ընդգծել է Տեր-Մաթեւոսյանը, հավելելով, որ Թուրքիայում կա ժողովրդավարության սխալ ընկալում:
Նա նշել է, որ Կիպրոսի հարցում եւս թուրքական իշխանությունները քննադատության են ենթարկվել: Զեկույցում նշվել է, որ քանի դեռ թուրքական իշխանությունները չեն լուծել այդ հարցը, բանակցությունները սառեցված կմնան:
«Հայ-թուրքական հարաբերությունների մասին,ցավոք, նշվում է միայն, որ եթե 2000 – 2009թթ ընթացքում Եվրահանձնաժողովի զեկույցում նշվում էր, որ սահմանը փակ է Թուրքիայի կողմից, ապա, 2010-ից ի վեր այդ ձեւակերպումը հանվել է»,-ասել է Տեր-Մաթեւոսյանը: Փորձագետը կարծում է, որ սա հայկական կողմի բացթողումն է եւ ԱԳՆ-ն պետք է այդ հարցին ուշադրություն դարձնի:





























