Հնարավոր է, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Զուրաբ Ժվանիայի եւ նահանգապետի տեղակալ Ռաուլ Յուսուպովի մարմինների արտաշիրմում իրականացվի, տպագիր մամուլի եւ ռադիոկայանների գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

«Վերջնարդյունքում ամեն ինչ պետք է պարզի քննությունը: Գործընթացը շարունակվում է, խոսք է գնում մարմինների արտաշիրմման մասին: Եվ դատախազությունն ինձ հայտնել է, որ այդ գործը կվերսկսվի: Կսպասենք», - Իվանիշվիլիի խոսքերն է փոխանցում «Գռուզիա Online»-ը:

«Նովոստի Գռուզիան» հաղորդում է, որ Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին հաստատել է երկրի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործում նոր հանցանշանների առկայությունը, սակայն նշել է, որ դեռ վաղ է խոսել գործը բացահայտելու մասին: 

«Կարող եմ ասել, որ գործում իրոք նոր հանցանշաններ են ի հայտ եկել, եւ համապատասխանաբար, նոր վարկած», - հայտնել է Քբիլաշվիլին: Ըստ նրա՝ դեռ պետք է մի քանի քննչական գործողություններ իրականացվեն: 

Նախօրեին «ՏՎ-3» հեռուստաընկերությունը, վկայակոչելով Ռաուլ Յուսուպովի հորը,  հայտնել էր, որ Ժվանիայի մահվան գործում նոր հանցանշաններ են հայտնվել, եւ Յուսուպովին կարող են արտաշիրմման ենթարկել՝ քննության շրջանակում:

Զուրաբ Ժվանիան Քվեմո Քարթլիի նահանգապետի տեղակալ Ռաուլ Յուսուպովի հետ մահացած էր հայտնաբերվել 2005թ. փետրվարի 3-ին՝ Թբիլիսիի բնակարաններից մեկում: Ըստ քննության պաշտոնական վարկածի՝ ողբերգական մահվան պատճառ էր դարձել շմոլ գազից թունավորվելը: