Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրաժարվել է ընդունել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանին անհարկի շահարկումների պատճառով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մի քանի օր առաջ Նիկոլայ Ծատուրյանը նախարարի հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել, դա եղել էր մինչեւ «Գալային» տված հարցազրույցը, որտեղ նա Կաթողիկոս Գարեգին Բ-ին քննատադել էր` համարելով սատանա:
«Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, նշանակվել էր հանդիպման օր ու ժամ: Արդեն այդ օրերին տարաբնույթ մեկնաբանություններ սկսվեցին այդ հանդիպման վերաբերյալ, այդ պատճառով նախարարը հրաժարվեց նրան հանդիպել»,- հայտնեցին մամուլի ծառայությունից:
Նրանք մեկնաբանեցին, որ լրատվամիջոցներում անհարկի տեղեկություններ էին շրջանառվում, թե այդ հանդիպման ժամանակ Նիկոլայ Ծատուրյանին աշխատանքից ազատվելու առաջարկ կլինի, այդ պատճառով էլ նախարարը այդ պահին հրաժարվել է նրան հանդիպել:
Մշակույթի նախարարությունից վստահեցրին, որ Նիկոլայ Ծատուրյանին աշխատանքից ազատելու հրաման չկա եւ չի էլ կարող լինել, նախարարը իրավասու չէ նշանակել եւ ազատել թատրոնի գեղարվեստական ղեկավարին, դրա իրավասությունը թատրոնի տնօրենինն է: Նախարարությունից հայտնեցին, որ նրա պաշտոնանկության մասին որեւէ խոսակցություն չկա, ընդամենը ասեկոսեներ են:
Մամուլի ծառայությունից հայտնեցին նաեւ, որ Նիկոլայ Ծատուրյանի եւ Հասմիկ Պողոսյանի հարաբերությունները նորմալ է, աշխատանքային վիճակ է, եւ առաջիկայում հանդիպում կլինի:





























