ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մահացու ականապայթյունային վիրավորում ստացած երեք զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նրանք բոլորն արդեն գտնվում են Նեյրովիրաբուժության բաժանմունքում: Արամ Ասատուրյանն ասաց, որ վիրավոր զինծառայողներից ոչ մեկին չեն վիրահատել, նրանք հետազոտման, բուժման փուլում են, վիճակը բավարար է: Նա նաեւ հավաստիացրեց, որ այս միջադեպը հետք չի թողնի զինծառայողների կյանքի վրա:

Մեզ հաջողվեց պարզել, որ վիրավորներից  Գարուշ Համբարձումյանը  28 տարեկան է, ավագ լեյտենանտ, զորակոչվել է 2006թ, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղից: Մյուս վիրավորը՝ Էդգար Հարությունյանը, 21 տարեկան է, զորակոչվել է 2011թ Վանաձորից; Իսկ Նարեկ Հակոբյանը 2012թ աշնան է զորակոչվել, նա 19 տարեկան է, Արմավիրի Նոր Արտագես գյուղից:

Ինչ վերաբերում է ականի պայթյունից մահացած զինծառայողին՝ 25-ամյա կապիտան Գեւորգ Գագիկի Մնացականյանին, վերջինս ապրում էր Իջեւանում, ամուսնացած էր, երեխաներ չուներ: Մեր տեղեկություններով՝ նա ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, իսկ այժմ սովորում էր իրավաբանություն:

Պն քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 373 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Իսկ այդ հոդվածով սահմանվում է զենքի, ռազմամթերքի, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, այն պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Մեր տեղեկություններով՝ դեպքը եղել է ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական խնդիր իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գեւորգ Գագիկի Մնացականյանը (ծնված 1988թ., ծառայում էր 2005թ.-ից, Գավառի զ/կ):

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, թե տարբեր աստիճանի վնասվածքներով Երեւանի ԿԿԶՀ են տեղափոխվել ավագ լեյտենանտ Գարուշ Վերիկի Համբարձումյանը (վիճակը միջին ծանրության է), պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արարատի Հակոբյանը (վիճակը բավարար է), պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Վարդանի Հարությունյանը (վիճակը միջին ծանրության է): Կատարվում է հետաքննություն:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՊՆ-ն զոհված եւ վիրավորված երիտասարդներին, ինչպես նաեւ նրանց տարածքից դուրս բերողներին ներկայացնելո է պետական եւ կառավարական պարգեւների: