Երեւանի քաղաքապետարանի նոր հաշվարկը՝ կապված տրասնպորտի սակագնի ինքնարժեքի հետ 1,5 անգամ գերազանցում է նախորդը: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ մեկնաբանելով քաղաքապետարանի նախապատրաստած հաշվարկը՝ հասարակական տրանսպորտի ինքնարժեքի վերաբերյալ:
«Նախորդ ամիս քաղաքապետարանը հաշվարկել էր մեկ միկրոավտոբուսի համար նախատեսված ծախսերը, երեսուն օրվա համար ստացվել էր 807 հազար դրամ: Այդ հաշվարկը հաստատվել էր: Այժմ պարզվում է, որ մեկ երթուղայինի վրա քսանհինգ օրում ծախսվում է 1 մլն 45 հազար դրամ»,-ընդգծել է նա: Իր հաշվարկներով՝ այդ ծախսերի քսան տոկոսը կարելի է կրճատել՝ առնաց տրանսպորտային ծառայությունների որակին վնաս հասցնելու:
ՀԿ ղեկավարի խոսքով՝ քաղաքապետարանի հաշվարկները պետք է քննարկման առարկա դառնան ոչ միայն հասարակական կառույցներում, այլեւ պետք է քաղաքական կուսակցությունների օրակարգում լինի: «Ո՞վ է պատասխանատու անընդհատ փոփոխվող հաշվարկների համար: Այդ հարցը պատասխան է պահանջում»,-ընդգծել է Պիպոյանը:





























