Հայաստանի մրցակցության ոլորտը կարգավորող օրենսդրությունը կրկին կվերանայվի: ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 17-ին հավանության արժանացրեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Սնանկության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու առաջարկներին:
ՏՄՊՊՀ-ի կողմից կառավարությանը ներկայացրած բացատրության համաձայն՝ մրցակցության մասին օրենքը փոխվում է՝ ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու համար:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ կառավարության նիստում ասաց, որ ներդրվելու են տուգանքների գանձման առավել արդյունավետ մեխանիզմներ, միասնականացվում են տուգանքների չափերը՝ ըստ իրավախախտման ծանրության, սահմանվում են տուգանքների կիրառման միասնական մոտեցումներ; Բացի այդ՝ կիրառվելու է պատժամիջոցների մեղմման ծրագիր՝ եթե տնտեսվարողը բարեխիղճ է, համագործակցում է Հանձնաժողովի հետ, տեղեկատվություն է տրամադրում հակամրցակցային համաձայնությունների մասին՝ տուգանքները նվազեցվում են: Օրինակ՝ եթե տնտեսվարողը տուգանքը վճարի նշանակումից հետո մեկամսյա ժամկետում՝ 20 % «զեղչի» իրավունք կստանա, իսկ եթե գնա դատական գործընթացների ճանապարհով՝ պարտության դեպքում տուգանքը կվճարի ամբողջությամբ:
Ա. Շաբոյանն ասաց նաեւ, որ ավելացվել են դրույթներ՝ ապրանքային նշանների օգտագործման միջոցով անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարելու համար, քանի որ շատացել են դեպքերը, երբ գրանցելով ապրանքային նշանը, փորձում են խոչընդոտել այլ ապրանքների ներկրմանը:





























