Շվեդական ABBA խումբը, լուծարվելուց գրեթե երեք տասնամյակ անց, կարող է վերամիավորվել։ Այս մասին Times թերթին տված հարցազրույցում հայտարարել են խմբի անդամներ Բերն Ուլվեուսն ու Բեննի Անդերսոնը։
Անցած բոլոր տարիներին նրանք կտրականապես մերժում էին բեմ վերադառնալու հնարավորությունը։ Այդ պատճառով էր, որ 2000 թվականին շվեդները հրաժարվեցին համերգային շրջագայությունների համար իրենց առաջարկվող ռեկորդային 1 մլրդ դոլար հոնորարից։
Ուլվեուսն այն ժամանակ հայտարարել էր, որ փողն իր եւ իր գործընկերների համար ամենակարեւորը չէ, եւ որ իրենք ցանկանում են մարդկանց հիշողության մեջ երիտասարդ, իմպուլսիվ եւ էներգիայով լեցուն մնալ։
Սակայն այժմ երաժիշտը կարծում է, որ ելույթ ունենալը վատ միտք չէ։ Խմբի երգչուհիներ Աննի-Ֆրիդ Լինգստադը եւ Ագնետա Ֆալտսկոգը դեռեւս ոչ մի կերպ չեն արձագանքել խմբի տղամարդկանց առաջարկությանը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։




























