Ստամբուլ-Վաշինգտոն չվերթն իրականացնող Թուրքական ավիաուղիներին (THY) պատկանող Airbus A-340-300 օդանավի շարժիչին թռչուն է բախվել, որի հետեւանքով օդանավը հետ է վերադարձել։
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքական ավիաուղիներին պատկանող օդանավը Ստամբուլ-Վաշինգտոն չվերթն իրականացնելու համար 220 ուղեւորով Ստամբուլի օադանավակային օդ է բարձրացել, սակայն Սեւ ծովի վրայով թռիչքի ժամանակ մի թռչուն է բախվել օդանավի շարժիչին։
Օդանավի անձնակազմը կապվել է օդանավակայանի հետ՝ տեղեկացնելով իրավիճակի մասին՝ հայտնելով, որ հետ է վերադառնում ստեղծված իրավիճակի պատճառով։
Օդ բարձրանալուց 1,5 ժամ անց օդանավն անվտանգ վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում եւ անցել տեխնիկական ստուգման կայան։





























