Այնքան հարց եք տալիս, որ ես ձեզ համար արդեն «տելեզվեզդա» եմ դարձել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս»)՝ անդրադառնալով   Զարուհի Փոստանջյանի նամակին, որով նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից պահանջում էր, որ Առաքել Մովսիսյանը իրեն չմոտենա:

«Հովիկ Աբրահամյանը ոնց կասի՝ այնպես էլ կանեմ: Վերջացրեցինք: Ֆսյո: Էլ չենք խոսում»,- ասաց Առաքել Մովսիսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային Ժողովի «Ժառանգություն»  խմբակցության քարտուղար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նամակում ասվում է. «Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում իմ կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հարցից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները իմ նկատմամբ հրապարակավ հնչեցրեցին վիրավորական եւ, ըստ էության, սպառնալից հայտարարություններ:Ուստի խնդրում  է  ՀՀ ԱԺ-ի տարածքում ապահովել իր անվտանգությունը, ինչպես նաեւ անխափան աշխատանքի հնարավորությունը: Մասնավորապես` պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Առաքել Մովսիսյանի, Կարեն Ավագյանի եւ Մհեր Սեդրակյանի կողմից իր նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու ցանկությունը բացառելու համար միջոցներ ձեռնարկել, որպեսզի տվյալ պատգամավորները հնարավորություն չունենան մոտենալ իրեն, ինչպես նաեւ չօգտագործեն ՀՀ ԱԺ ամբիոնը իրեն վիրավորելու եւ իր անձի շուրջ թշնամական մթնոլորտ ստեղծելու համար: «Ինձ համեմատելով թուրքերի եւ ադրբեջանցիների հետ` նրանք ցույց են տալիս, որ իմ նկատմամբ ունեն նույն թշնամանքը ինչ եւ այդ ազգերի ներկայացուցիչների դեմ եւ համանման թշնամանք են փորձում հարուցել իմ նկատմամբ ուրիշների մոտ»:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում կազինոներ այցելելու մասին Սերժ Սարգսյանին ուղղված հարցից հետո կին պատգամավորի հասցեին բազմաթիվ քննադատություններ հնչեցին, դրանք երբեմն պարունակում են նաեւ վիրավորանքներ եւ սպառնալիքներ: Օրինակ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) դա որակել էր «լկտիություն», Զարուհուն անվանել «աննորմալ ու թուրք», իսկ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) ասել էր, թե «Զարուհու նմանները գնում են սունաթված թուրքերի տակ են պառկում»: Իսկ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» հ/կ նախագահ Խաչիկ Ասրյանն ասել էր, թե «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել ոչ թե Ժաննա դ՝ Արկի, այլ Ռամիլ Սաֆարովի պես»: