41-ամյա Դավիթ Մ.-ն մեղադրվում է իր մեքենայով օրը 10 հազար դրամով մարմնավաճառ սպասարկելու մեջ: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 41-ամյա Դավիթ Մ.-ն տարիներ շարունակ  մարմնավաճառ Էմմա Մ.-ին յուրաքանչյուր օրվա համար 10 000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ու շրջել Երեւանի Լենինգրադյան փողոցով, այնուհետեւ Բագրատունյաց պողոտայում գտնվող Երեւան լճի տարածքում, որի ընթացքում Էմմա Մ.-ն պարբերաբար զբաղվել է մարմնավաճառությամբ: Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո վարորդն ստացել է 1000 դրամ գումար` նպաստելով Էմմա Մ-ի պոռնկությամբ զբաղվելուն:

Քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի 1-ին մասով (պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որեւէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձեւով նպաստելը):

Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ կալանքով` մինչեւ երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով:

Հոկտեմբերի 29-ին նշանակվել է առաջին դատական քննության օրը: