Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, հոկտեմբերի 18-ին, ժամը 13:00-ին, տեղի կունենա «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որն ԱԺ-ին է ներկայացրել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, ով էլ հենց հանդես կգա հիմնական զեկուցմամբ:

Հիշեցնենք, որ դեռեւս 2007 թվականին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը առաջին անգամ ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ էր դրվել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը մերժվել էր ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնության կողմից:

«Մինչդեռ օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունն իրավամբ կճանաչեր Արցախի փաստացի կարգավիճակը՝ ելնելով այն հանգամանքից, որ Արցախի հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին: Այս հարցն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը:

Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի հայտնի ստորագրությունից հետո կրկին օրախնդիր է դառնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը»,-ասված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ: