Ռուսաստանում ադրբեջանցու կատարած  հանցագործությունը դատապարտելու, ափսոսանք հայտնելու փոխարեն` ադրբեջանական կողմը մարդասպանին պաշտպանող հայտարարություն է անում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը` խոսելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովի հայտարարության մասին, որը ագրեսիվ արտահայտություններ էր պարունակում Ռուսաստանի իրավապահ մարմինների եւ ռուսական լրատվամիջոցների հասցեին:

«Նրանց դուր չի գալիս, թե ինչպես են բռնել այդ մարդասպանին, հետաքրքիր է, ինչ է, նրա հետ պետք է նուրբ վարվեին, քանի որ  ադրբեջանցի՞ է: Կարծում եմ, որ դա միանգամայն անընդունելի է», - զայրացել է քաղաքագետը: Ըստ նրա` Ադրբեջանը սխալ տոն է վերցրել այդ հարցում: 

Խոսելով  ադրբեջանցի դեսպանի այն հայտարարության մասին, որ Ադրբեջանում էլ ռուսներ են ապրում, եւ իրենք էլ կարող են  ռուսների ջարդեր կազմակերպել, Միխայիլ Ալեքսանդրովն ընդգծել է. «Պետք է նրանց հիշեցնել, որ մեզ մոտ 2 միլիոն ադրբեջանցի է ապրում, իսկ Ադրբեջանում` միայն 100 հազար ռուս: Այնպես որ եթե այնտեղ նեղեն ռուսներին, այստեղ ադրբեջանցիների համար վատ կլինի:  Իսկ եթե նրանց դուր չի գալիս, որ իրենց մոտ ռուսներ են ապրում, կարող ենք բնակիչներով փոխանակվել: Առավել եւս, որ գիտենք`  Ադրբեջանը ջարդեր կազմակերպելու գործում գերազանցել է խորհրդային բոլոր հանրապետություններին»: Քաղաքագետը հիշեցրել է Սումգայիթի, Բաքվի ջարդերը: 

«Մենք Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից սպառնալիքը միանգամայն լուրջ ենք դիտարկում: Ես, իհարկե, զարմանում եմ, թե ինչու մինչ այժմ  չկա ռուսական իշխանությունների, ռուսական ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքը, քանի որայդ իրադարձությունը միջազգային արձագանք է պահանջում:  Կարծում եմ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն բավականին խիստ կարձագանքի Ադրբեջանի նման արարքներին», - նկատել է Միխայիլ Ալեքսանդրովը՝ հույս հայտնելով, որ տվյալ պահին այդ արձագանքը դեռ մշակվում է, եւ ռուսական կողմի դիրքորոշումը շուտով կհնչի: 

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը կտրուկ արտահայտություններ էր հնչեցրել  Ռուսաստանի իրավապահ մարմինների եւ ռուսական լրատվամիջոցների հասցեին:  

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ  Հասանովը ռուսական ոստիկանությանը մեղադրել է միգրանտներին խոշտանգելու մեջ` ենթադրյալ մարդասպան Օրհան Զեյնալովի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Ըստ ալիեւյան կլանի բարձրաստիճան պաշտոնյայի` իրականացվում է  ստեղծված իրավիճակի արհեստական ուռճացում, որը նպաստում է բազմազգ եւ բազմակրոն ռուսական հասարակության մեջ  ռասիստական միտումների, ազգայնական խտրականության ուժգնանալուն, դա ճնշող բնույթ է կրում եւ ճանապարհ բացում նոր իրավախախտումների համար: