Իրաքում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը կազմել է 66: Առավել ուժեղ պայթյուններ են որոտացել Բաղդադի շիական թաղամասում, որտեղ զոհվել է 44 մարդ, եւս 120-ը վիրավորվել է: Պայթուցիկ սարքերից մեկը գործի է դրվել մանկական խաղահրապարակի մոտ, որի հետեւանքով երկու երեխա է զոհվել:
Թուզ-Հորմաթո քաղաքի սրճարաններից մեկում ոստիկանի համազգեստ հագած մահապարտը պայթեցրել է իրեն, որի հետեւանքով 4 մարդ է զոհվել, 27 մարդ տուժել է:
Եվս մեկ պայթյուն որոտացել է Մոսուլից հյուսիս գտնվող մի գյուղում: Այնտեղ ականապատված ավտոմեքենա է պայթել, որի հետեւանքով ամբողջությամբ ավերվել են հարեւան տները, զոհվել է 15 մարդ, տուժել է 52-ը:
Ինչպես նշում է РБК-ն, հաճախ սուննի ապստամբների թիրախ են դառնում սրճարանները, շուկաներն ու մզկիթները, որոնք փորձում են ահաբեկչությունների միջոցով թուլացնել ու տապալել շիա կառավարության իշխանությունը երկրում:
ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարվա ապրիլից Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 5 հազար մարդ:





























