Ճապոնիայի կենտրոնական մասում այս շաբաթ սկսված «Վիպհա» թայֆունը 28 մարդու կյանք է խլել, եւս 27-ն անհետ կորած են, հայտնել են երկրի ոստիկանությունից:
Գրեթե բոլոր զոհերը Իձուոսիմա կղզու բնակիչներ են, որտեղ վրա էր հասել տարերքի հիմնական հարվածը: Կղզու բնակավայրերից մեկում սկսված սողանքը 300 տուն է ավերել: Փլատակների մաքրմանն ավելի քան 1100 մարդ է մասնակցել:
Թայֆունի պատճառով վտանգի տակ են հայտնվել Ճապոնիայի 6 պրեֆեկտուրաների 30000-ից ավելի բնակիչներ: Քամին պոկել է էլեկտրալարերը՝ հոսանքազրկելով ավելի քան 40000 տուն, որոշ շրջաններում 800մմ-ից ավելի տեղումներ են դիտվել, հայտնում է Newsru.com-ը:
Հոկտեմբերի 16-ին այս տարեշրջանի արդեն 26-րդ թայֆունը՝ «Վիպհան», հեռացել է Ճապոնիայից: Դրանից հետո վիճակը կարգավորվում է, վերսկսվել է երթեւեկությունը, վերականգնվել են խափանված էլեկտրալարերը:
Ճապոնիայի կայսրուհի Միտիկոյի 79-ամյակի բոլոր տոնական միջոցառումները, ի նշան վշտի, կհետաձգվեն, հայտարարել են կայսերական պալատից:





























