Լոռիի մարզի արդեն նախկին ոստիկանապետ Անուբաղ Համբարյանի համար անակնկալ էր իր՝  Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ նշանակվելը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ մինչ այդ չի իմացել իր նշանակման մասին, այդ պատճառով էլ հերքում էր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները:

«Իրոք, ազնվությամբ, ես չեմ իմացել, ինձ ասել են երեկ ժամը 21.00-ին»,- ասաց նա: Դրանից հետո Լոռիի նախկին ոստիկանապետը մտել է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: Նա պատրաստվում է տեղափոխվել Երեւան եւ անցնել նոր աշխատանքային պարտավորությունների կատարմանը:

«Ես ծառայում եմ, իմ համար պաշտոնը նպատակ չէ»,-ասաց Անուբաղ Համբարյանը:

Իսկ թե ինչով է պայմանավորված պաշտոնի այս բարձրացումը, ոստիկանապետի տեղակալը չցանկացավ ասելով՝ խնդրելով այդ մասին զրուցել մի քանի օր անց:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել եւ որոշ նշանակումներ կատարել:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ նախագահի հրամանագրերով Սաշա Աֆյանն ու Հովհաննես Հունանյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել Անուբաղ Համբարյանը եւ Սամվել Հովհաննիսյանը: ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էմիլ Բաբայանի լիազորությունները: Վերջինս նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: