Մաքսային միությունում երկրները որոշումները կայացնում են փոխզիջման ճանապարհով, եւ Հայաստանը, առավել ակտիվ լինելով, կարող է Մաքսային միությունում ավելի շատ բանի հասնել, քան Ռուսաստանն ինքը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ԵվրԱզԷս ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի բյուրոյի գիտխորհրդի անդամ Վլադիմիր Լեպիխինը՝ մեկնաբանելով այն տեսակետները, թե Մաքսային միությունում Հայաստանի ձայնը կլռեցվի, եւ Երեւանը չի կարող պաշտպանել իր շահերը, բացի այդ՝ երկրի ժողովրդավարական զարգացումը կանգ կառնի:

«Շատ է  խոսվում այն մասին, որ ԵՄ-ում ավելի քաղաքակիրթ են: Մի կողմից այնտեղ իրավական համակարգերն առավել զարգացած են, սակայն պետք է դիտարկել Եվրոպայում գերակայող արժեքները, սեռական փոքրամասնությունների իրավունքների  խնդիրը, գենդերային հարցերը: Անհրաժեշտ է կողմնորոշվել արժեհամակարգի հարցում, որը ցանկանում ենք ներդնել ձեր երկրում», - նշել է Լեպիխինը:

Ի պատասխան հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Հայաստանի անդամակցումը ԵՄ-ի հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն, Լեպիխինը պատասխանել է, որ Երեւանը միշտ էլ կարող է դա անել, քանի որ Եվրոպայի համար կարեւոր է իր արտադրանքի սպառման ցանկացած շուկա:

«ԵՄ-ի նպատակը եւ եվրաժողովրդավարության շարժառիթները հետխորհրդային երկրները հոշոտելն է: Իրականում, Եվրոպան ինքն ազատ չէ, այն պարզապես ցանկանում է ընդլայնել շուկան, քանի որ այն գնալով նեղանում է», - ամփոփել է նա: