2013թ-ի երրորդ եռամսյակում լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ ուղղված խախտումները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 2-ով, սակայն 10-ով նվազել են նախորդ եռամսյակի համեմատությամբ: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների մասին 2013թ-ի երրորդ եռամսյակի զեկույցը:
Նրա խոսքով՝ ուշագրավ է այդ ժամանակահատվածում «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ ընթացող գործընթացը: Ավելին ԱԺ-ն առաջին ապա նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց այդ օրինագիծը:
Աշոտ Մելիքյանը նշեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները շարունակում են հաճախ ձեռնպահ մնալ իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստերի հրապարակայնացումից, անտեսում են իրենց ուղղված տարաբնույթ սպառնալիքները կամ նախընտրում են ինքնուրույն լուծել ծագող խնդիրները ու հաղթահարել ապօրինի սահմանափակումները: Այդ պատճառով ԽԱՊԿ-ն վստահ է, որ լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումների իրական թիվը գերազանցում է արձանագրվածներինը:





























